Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Նախագահություն Կապ մեզ հետ
«Մարդը բոլոր իրերի չափանիշն է»
Պրոտագորաս Աբդերացի
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտ

Երևանի հյուսիսային համալսարան

Փիլիսոփայության միջազգային ակադեմիա

Տիգրան Չուխաճյան հիմնադրամ1

Նորություններ
27.04.2021
ԳՈՒՅԺ. Հումանիզմի պրոբլեմների ակադեմիայի նախագահությունը խոր վշտով հայտնում է, որ 2021թ. ապրիլի 27-ին, կյանքի 86-րդ տարում COVID-19-ի պատճառով կյանքից անժամանակ հեռացավ պետական-քաղաքական ականավոր գործիչ, Հումանիզմի պրոբլեմների ակադեմիայի նախագահ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Գրիգոր Եգորի Ասատրյանը: Գրիգոր Ասատրյանի հոգեհանգիստը տեղի կունենա 2021թ. ապրիլի 28-ին, ժամը 18:00-ից, Երևանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում: Վերջին հրաժեշտը՝ ապրիլի 29-ին, ժամը 12:00-13:00 նույն տեղում:

Գրիգոր Եգորի Ասատրյանը ծնվել է 1935թ. օգոստոսի 31-ին Էջմիածնի շրջանի Խզնավուզ (ներկայումս` Արագած) գյուղում:

Գերազանց գնահատականներով ավարտելով նախ հայրենի Արագած գյուղի յոթնամյա, ապա հարևան Աղավնատուն գյուղի միջնակարգ դպրոցը, նա ուսումնառությունը շարունակում է Երևանի պետական համալսարանում, որի տնտեսագիտական ֆակուլտետը 1958 թվականին ավարտում է գերազանցության դիպլոմով: Ուսման բոլոր տարիներին նա ցուցաբերում է բացարձակ բարձր առաջադիմություն՝ բոլոր առարկաներից ստանալով «գերազանց» գնահատականներ:

Ուսումնառության երկրորդ տարվա սկզբում տեղի է ունենում «ճակա­տագրական հանդիպումը» փիլիսոփայության հետ: Դեպի փիլիսո­փայություն պատանու «շրջադարձի» հարցում բացառիկ էր փիլիսոփայության դասախոսներ, փիլիսոփայական գիտության երախտավորներ, փիլիսոփայական գիտությունների թեկնածուներ Աշոտ Բաբախանյանի ու Մեհենդակ Մելիքյանի և հատկապես փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամայիս Կարապետյանի դերը: Հենց նրանց դասախոսություններն ու նրանց հետ անմիջական շփումներն են նրա մեջ սեր ու նվիրում ձևավորում դեպի տեսական-փիլիսոփայական գիտելիքը:

Համալսարանում սովորելու տարիներին նա ակտիվորեն մասնակցում է  տնտեսագիտական ֆակուլտետի և համալսարանի հասարակական-ուսանողական կյանքին: Նա գործուն մասնակցություն է ցուցաբերում հատկապես համալսարանի ուսանողական գիտական ընկերության աշխատանքներին, այդ ընկերության կողմից անցկացվող ամենատարբեր միջոցառումներին: Երկրորդ կուրսից սկսած մինչև ուսումնառության ավարտը նա ղեկավարում է համալսարանի ուսանողական գիտական ընկերության տնտեսագիտական բաժանմունքը: Համալսարանում փիլիսոփայության բաժնի բացակայության պայմաններում տնտեսագիտական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Գ.Ասատրյանի նախաձեռնությամբ համալսարանի ուսանողական գիտական ընկերության կազմում առաջին անգամ հիմնադրվում է փիլիսոփայական բաժանմունքը, որի անփոփոխ նախագահն է դառնում նա՝ համալսարանում ուսանելու հետագա բոլոր տարիներին: 3-րդ կուրսից սկսած մինչև ուսումնառության ավարտը նա կատարում է նաև համալսարանի ուսանողական գիտական ընկերության պասասխանատու քարտուղարի պարտականությունները: Գ.Ասատրյանը գործուն մասնակցություն է ցուցաբերում  համալսարանի ՈՒԳԸ-ի կողմից կազմակերպվող ուսանողական գիտական ամենամյա կոնֆերանսներին. փիլիսոփայական տարբեր թեմաներին նվիրված նրա զեկուցումներն արժանանում են բարձր գնահատականի: Համալսարանի ՈՒԳԸ-ի 1956 թվականի գարնանային տարեկան նստաշրջանում նրա ներկայացրած «Գեղեցիկի փիլիսոփայական ըմբռնումը» զեկուցումը՝ նվիրված գեղեցիկի տեսական-փիլիսոփայական վերլուծությանը, գեղագիտականի բնույթի ու առանձնահատկությունների պարզաբանմանը, որպես ուսանող-հետազոտողի ինքնուրույն աշխատանք բարձր է գնահատվում ու շահում առաջին կարգի մրցանակ: Առաջին կարգի մրցանակի են արժանանում նաև համալսարանի ՈՒԳԸ-ի հաջորդ տարիների գիտաժողովներում նրա կարդացած մյուս զեկուցումները՝ «Դեմոկրիտ Աբդերացու փիլիսոփայությունը» և «Մարքսիստական փիլիսոփայությունը ճշմարտության մասին», որոնք, ի դեպ, վկայում են դրանց հեղինակի փիլիսոփայական հետաքրքությունների լայն շրջանակի մասին: Ընդ որում վերջին զեկուցումը՝ «Մարքսիստական փիլիսոփայությունը ճշմարտության մասին» համալսարանի հրատարակչական խորհրդի երաշխավորությամբ 1958 թվականին տպագրվում է համալսարանի ուսանողական գիտական աշխատանքների անդրանիկ ժողովածուում:

1957 թվականի գարնանը համալսարանի փիլիսոփայության ամբիոնի երաշխավորությամբ բուհի ռեկտորատի կողմից նա գործուղվում է Էստոնիա և Լատվիա, որտեղ փիլիսոփայական թեմաներով զեկուցումներով հանդես է գալիս Տարտուի և Լատվիայի պետական համալսարանի (ք. Ռիգա) ուսանողական գիտական ընկերությունների կոնֆերանսներում:

3-րդ կուրսի սկզբին Գ.Ասատրյանն արժանանում է Խորհրդային Հայաստանի կառավարության կողմից Երևանի պետական համալսարանում առաջին անգամ սահմանված Միքայել Նալբանդյանի անվան կրթաթոշակին, որն անփոփոխ պահպանում է ընդհուպ մինչև համալսարանում ուսումնառության ավարտը:

Նա փայլուն է հանձնում պետական քննությունը՝ իր պատասխաններով զարմանք պատճառելով պետական քննական հանձնաժողովին: Պետական քննության գնահատականները հրապարակելիս պետական քննական հանձնաժողովի նախագահ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թումանյանը Գ.Ասատրյանի պետական քննության արդյունքը ներկայացնում է որպես «գերազանցների գերազանց» և մի պահ ընդհատելով քննության արդյունքների հրապարակումն ու հայացքն ուղղելով քննական դահլիճում ներկա շուրջ հարյուր շրջանավարտներին, ասում՝ «Հիմա նա կարող է ձեզ բոլորիդ դաս տալ»:

Համալսարանն ավարտելուն պես 1958թ. հունիսին Գ.Ասատրյանը պետական գործուղումով աշխատանքի է անցել Սովետական Հայաստանի Մինիստրների սովետի սովետական վերահսկողության հանձնաժողովում (1962 թվականից՝ Սովետական Հայաստանի պետական վերահսկողության կոմիտե, այնուհետև՝ Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի և ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի կուսակցական-պետական վերահսկողության կոմիտե, ՀԽՍՀ ժողովրդական վերահսկողության կոմիտե): Տարիներ շարունակ նա եղել է այդ հիմնարկության կուսակցական կազմակերպության բյուրոյի քարտուղարը, ընտրվել Հայաստանի Կոմկուսի Երևան քաղաքի Սպանդարյանի շրջկոմի անդամ, Սպանդարյանի շրջանային խորհրդի դեպուտատ:

Համալսարանն ավարտելուց անմիջապես հետո, առանց այդ տարիներին ասպիրանտուրա ընդունվելու համար պարտադիր համարվող առնվազն երկու տարվա արտադրական ստաժի, համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի և բուհի գիտական խորհրդի երաշխավորությունների հիման վրա, Հայաստանի գիտությունների ակադեմիայում նրան բացառության կարգով թույլատրում են մասնակցելու 1958թ. սեպտեմբերին Ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի սեկտորում (հետագայում՝ Ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտ) փիլիսոփայության գծով առկա ուսուցման ասպիրանտական տեղի համար անկացվող մրցույթին:

Փայլուն կերպով հանձնելով ասպիրանտուրայի ընդունելության քննությունները՝  նա շատ առաջ է անցնում իր մյուս 8 մրցակիցներից: Ընդ որում՝ ասպիրանտուրայում ընդունելության 7 քննությունների առկայության պայմաններում մրցույթի բախտը փաստորեն որոշվում է հենց առաջին առարկայի՝ փիլիսոփայության քննության ժամանակ, երբ քննող հանձնաժողովի նախագահ, Հայաստանի ԳԱ թղթակից անդամ Վազգեն Չալոյանը քննական տոմսի և լրացուցիչ բազմաթիվ հարցերին Գ.Ասատրյանի պատասխանների տպավորության ներքո՝ քննությունն ավարտում է «ընդունե՛լ սրան» առարկություն չընդունող որոշմամբ:

Սովետական Հայաստանի պետական վերահսկողության բարձրագույն կառույցում՝ Մինիստրների սովետի Սովետական վերահսկողության հանձնաժողովում իր աշխատանքային կարիերան նոր սկսած երիտասարդ մասնագետի խնդրանքով՝ առկա (արտադրությունից կտրված) ուսուցման ասպիրանտական տեղը փոխարինվում է արտադրությունից չկտրված տեղով: Ասպիրանտի գիտական ղեկավարությունն ստանձնում է Ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի սեկտորի վարիչ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի գիտության վաստակավոր գործիչ Հայկազ Ասլանյանը:

1969թ. դեկտեմբերին Երևանի պետական համալսարանում գործող փիլիսոփայական գիտությունների գծով գիտական աստիճաններ շնորհող միացյալ   խորհրդում (խորհրդի նախագահ՝ փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հենրի Գաբրիելյան) նա փայլուն պաշտպանում է իր դիսերտացիան և ստանում փիլիսոփայական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, իսկ շատ տարիներ անց՝ 2015-ին Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գեորգ Բրուտյանի ղեկավարությամբ գործող ՀՀ ԲՈՀ-ի փիլիսոփայության և հոգեբանության 064 մասնագիտական խորհրդում պաշտպանում դոկտորական ատենախոսություն, և խորհուրդը փակ գաղտնի քվեարկությամբ միաձայն նրան շնորհում է փիլիսոփայական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:  2015-ից Գ.Ասատրյանը այդ մասնագիտական խորհրդի անդամ էր: 

1970թ. փետրվարին Գ.Ասատրյանն առաջ է քաշվում և ընտրվում Հայաստանի կոմկուսի Երևան քաղաքի Սպանդարյանի շրջանային կոմիտեի երկրորդ քարտուղար՝ այդ պաշտոնում աշխատելով մինչև 1977 թվականը: 1977-78 թվականներին նա զբաղեցնում է Հայաստանի կոմկուսի Երևանի քաղաքային կոմիտեի պրոպագանդայի բաժնի վարիչի պաշտոնը:

1978 թվականին Գ.Ասատրյանն առաջ է քաշվում ղեկավար աշխատանքի՝ ընտրվում է Հայաստանի Կոմկուսի Երևան քաղաքի Սպանդարյանի շրջանային կոմիտեի առաջին քարտուղար, ուր աշխատում է մինչև 1983 թվականը: Այդ ընթացքում, 1980-1981 թվականներին նա Խորհրդային Միության Կոմկուսի Կենտկոմի որոշմամբ, պահպանելով Սպանդարյանի շրջկոմի առաջին քարտուղարի պաշտոնը, աշխատանքի է գործուղվում Աֆղանստանի Դեմոկրատական Հանրապետություն, ուր աշխատում է որպես Խորհրդային Միության Կոմկուսի Կենտկոմի խորհրդական՝ Աֆղանստանի ժողովրդադեմոկրատական կուսակցության Կենտկոմում:

Աֆղանական հողում Գ.Ասատրյանի անձնվեր աշխատանքը չի վրիպել ինչպես Աֆղանստանի, այնպես էլ ԽՍՀՄ ղեկավար մարմինների ուշադրությունից: Աֆղանստանում ծառայությունն ավարտելուց հետո նա արժանանում է այդ երկրի կառավարական պարգևների, Աֆղանստանի Դեմոկրատական Հանրապետության պրեզիդենտի հրամանագրով պարգևատրվում բարձր պարգևով՝ «Երախտապարտ աֆղանական ժողովրդից» շքանշանով: Աֆղանստանից վերադառնալուց հետո 1981 թվականին նա պարգևատրվում է Խորհրդային Միության «Պատվո նշան» երկրորդ շքանշանով: Իսկ արդեն տարիներ անց՝ 1988 թվականի դեկտեմբերին նա Խորհրդային Միության Գերագույն Խորհրդի նախագահության հրամանագրով պարգևատրվում է «Ինտերնացիոնալիստ մարտիկին» շքանշանով և «Աֆղանստանի Հանրապետությունում ինտերնացիոնալ պարտքը կատարելիս ցուցաբերած արիության և ռազմական սխրագործության համար» պատվոգրով:

Գտնվելով Աֆղանստանում երկարատև գործուղման մեջ 1980 թվականի դեկտեմբերին Գ.Ասատրյանը ՀԿԿ Սպանդարյանի շրջանային կազմակերպության հերթական հաշվետու-ընտրական կոնֆերանսում շուրջ 500 պատվիրակների կողմից փակ (գաղտնի) քվեարկությամբ միաձայն վերընտրվում է Սպանդարյանի շրջանային կոմիտեի առաջին քարտուղար: Իսկ շուրջ 1,5 ամիս անց ՀԿԿ հերթական համագումարում նա, իր բացակայությամբ, ընտրվում է ՀԿԿ Կենտկոմի կազմում:

1983 թվականին Գ.Ասատրյանն աշխատանքի է տեղափոխվում Հայաստանի Կոմկուսի Կենտկոմ և նշանակվում Կենտկոմի պրոպագանդայի բաժնի վարիչ: 1989 թվականի հունվարին Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի հումանիտար պրոֆիլի բոլոր  4 բաժինների միավորման կապակցությամբ Գ.Ասատրյանը նշանակվում է Կենտկոմի նորաստեղծ միացյալ ստորաբաժանման՝ գաղափարախոսական բաժնի վարիչ:

1989 թվականի մայիսին Գ.Ասատրյանն ընտրվել է Հայաստանի Կոմկուսի Երևանի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղար, ուր աշխատել է մինչև 1990 թվականի օգոստոս ամիսը:

Ղարաբաղյան շարժման առաջին տարիներին՝ 1988-1990 թվականներին աշխատելով Հայաստանի կոմկուսի Կենտկոմում, այնուհետև կուսակցության Երևանի քաղաքային կոմիտեում՝ նա գտնվել է այդ շարժման հետ կապված ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա շուրջ ծավալվող բուռն իրադարձությունների հորձանուտում:

Հայկոմկուսի Կենտկոմի քաղաքական ղեկավարության հետ միասին, միասնական երկրի՝ Խորհրդային Միության պայմաններում, նա հաստատակամ ջանքեր է գործադրում, այդ թվում զանգվածային պրոպագանդայի, մամուլի, հեռուստատեսության ու ռադիոյի միջոցով, այդ շարժումը կառուցողական ու հայանպաստ հունով տանելու, Լեռնային Ղարաբաղի հայության ազգային ինքնորոշման, սեփական հողում ազատ ապրելու նրա իրավունքի համընդհանուր ճանաչման հասնելու համար:

Անվերապահորեն պաշտպանելով իր հիմքում խորապես արդարացի ու հայրենասիրական այդ շարժումը՝ նա միաժամանակ սկզբունքային ու անհաշտ դիրքորոշում է դրսևորում և հանդես գալիս երկրի սոցիալ-տնտեսական ու քաղաքական բնականոն կյանքը չարամտորեն ապակայունացնող այն օտարամոլ ուժերի դեմ, որոնք հայրենասիրության քողի տակ ամեն կերպ ձգտում էին հայ ժողովրդի լայն շրջանների մեջ սերմանել հակախորհրդային ու հակառուսական տրամադրություններ, ղարաբաղյան շարժումը փոխադրել ուրիշ հուն՝ այն ծառայեցնելով սոցիալիզմի տարիներին հայ ժողովրդի ձեռք բերած նվաճումների վարկաբեկմանը, երկրի սոցիալ-տնտեսական ու հոգևոր պոտենցիալի խարխլմանը, ժողովրդի բնականոն կյանքի ապակայունացմանը, երկրում գործող պետական կարգի տապալմանը:

Նա հայ ժողովրդի ու նրա ղարաբաղյան հատվածի արմատական շահերի, Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի հետևողական պաշտպանությամբ է հանդես գալիս տարբեր մակարդակների պաշտոնական հանդիպումներում ու բանակցություններում: Նա սկզբունքային ու հայանպաստ դիրքորոշում է հանդես բերում, մասնավորապես, հայ-ադրբեջանական սահմանամերձ գոտու Իջևանի շրջանի տարածքում գտնվող ընդունելությունների տանը 1989 թվականի ապրիլ ամսին տեղի ունեցած հայ-ադրբեջանական բարձր մակարդակի եռյակ կազմով հանդիպմանը, որին մասնակցում էին Հայկոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանը, Կենտկոմի երկրորդ քարտուղար Օլեգ Լոբովը և Կենտկոմի գաղափարախոսական բաժնի վարիչ Գրիգոր Ասատրյանը, իսկ ադրբեջանական կողմից համապատասխանաբար՝ Վեզիրովը, Պոլյանիչկոն և Դաշդամիրովը: Հանդիպման ժամանակ ծավալվել է սուր ու անզիջում քաղաքական-գաղափարական բանավեճ Լեռնային Ղարաբաղի պրոբլեմի քաղաքական կարգավորման, արդարացի ու սկզբունքային հիմքի վրա երկու հարևան հանրապետությունների ու ժողովուրդների միջև հարաբերությունների նորմալացման հարցերի շուրջ:

Նա փաստարկված, պատմական նյութերի ու արխիվային փաստաթղթերի վրա խարսխված հարցադրումներով և Արցախի հիմնահարցում սկզբունքային ու հայանպաստ դիրքորոշմամբ, մեր ժողովրդի արմատական շահերի հետևողական պաշտպանությամբ է հանդես գալիս նաև Խորհրդային Միության կոմկուսի Կենտկոմի Քաղբյուրոյի 1989 թվականի օգոստոսի 31-ին Մոսկվայում կայացած 12-ժամ տևողությամբ ընդլայնված նիստում՝ Հայաստանի կոմկուսի Կենտկոմի բյուրոյի անդամների և Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի բյուրոյի անդամների մասնակցությամբ:

Քաղբյուրոյի նիստը նվիրված էր Լեռնային Ղարաբաղի ու նրա շուրջ ստեղծված սուր ու բարդ իրավիճակի քննությանը, ազգամիջյան կոնֆլիկտի հետևանքով ծագած բազմաբնույթ պրոբլեմների վերլուծությանը, Ղարաբաղի հարցի քաղաքական կարգավորման ուղիների որոնմանը, տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը, հարևան երկու հանրապետությունների ու ժողովուրդների միջև բնականոն փոխհարաբերությունների վերականգնմանը:

Այդ եզակի ու անսովոր միջոցառման՝ ԽՄԿԿ Քաղբյուրոյի նիստում Հայաստանի ու Ադրբեջանի կոմկուսների Կենտկոմների անդամների հանդիպման արդյունքների մասին նա Հայաստանի կոմկուսի Կենտկոմի բյուրոյի անունից հանգամանալի հաղորդումով հանդես է գալիս հաջորդ օրը՝ սեպտեմբերի 1-ին Երևանի օպերային թատրոնի հրապարակում ՀՀՇ-ի կողմից նախօրոք հայտարարված համահանրապետական բազմահազարանոց միտինգում:

1990 թվականից Հայաստանում նոր սրություն ստացած քաղաքական հախուռն իրադարձություններն ընդհատեցին Գ.Ասատրյանի, որպես հեռանկարային քաղաքական ու պետական գործչի, առաջընթացի ուղին:

Ստեղծված մղձավանջում, հասարակական-քաղաքական ու բարոյահոգեբանական հեղձուցիչ մթնոլորտում նա, չգտնելով իր փորձի ու գիտելիքների կիրառման արժանի ասպարեզ, ստիպված էր հեռանալ ակտիվ հասարակական-քաղաքական կյանքից: Այդ դաժան ու դրամատիզմով լի տարիներին նա ժողովրդի հետ կիսեց բոլոր կորուստներն ու զրկանքները, ցուրտն ու խավարը: Ծանր պայմաններում էլ նա չդավաճանեց իր դավանած գաղափարներին ու սկզբունքներին, իր կենսական կրեդոյին: Որպես սոցիալիզմի գործի նվիրյալ՝ նա ակտիվ ջանքեր գործադրեց ձախ ուժերի միավորման, «Համահայկական սոցիալիստական կոնգրես» հասարակական-քաղաքական կազմակերպության ծրագրային ու կանոնադրական փաստաթղթերի մշակման ուղղությամբ, կազմակերպություն, որը ժամանակ անց՝ 1995 թվականին գրանցվեց որպես «Կաիսա» հայկական կոնգրես հասարակական-քաղաքական կազմակերպություն (ներկայումս՝ «Հայկական սոցիալիստական կոնգրես» կուսակցություն) և որի հիմքում դրվեցին այն ժամանակներում ժողովրդականություն չվայելող և հասարակական գիտակցության կողմից մերժված երկու հիմնարար գաղափարներ՝ սոցիալիզմը, զարգացման սոցիալիստական ուղին ու հայ և ռուս ժողովուրդների, Հայաստանի և Ռուսաստանի բարեկամությունն ու համագործակցությունը:

Տարիներ առաջ Հայաստանի «Գիտելիք» ընկերության վարչության նախագահ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, երջանկահիշատակ Լորիս Քալաշյանի և Գ.Ասատրյանի անձնական ջանքերով ստեղծվել ու գործում է մի ինքնատիպ գիտահետազոտական հաստատություն՝ Հումանիզմի պրոբլեմների ակադեմիան, որտեղ ուշագրավ աշխատանքներ են տարվում ինչպես հումանիզմի տեսության ու պատմության, այնպես էլ արդի հումանիզմի տարբեր ասպեկտների ուսումնասիրության, նոր հազարամյակի հումանիստական պարադիգմայի մշակման ուղղությամբ: Գ.Ասատրյանն այդ Ակադեմիայի նախագահն էր (2002 թվականից), նաև՝ Ակադեմիայում իրականացվող գիտական հետազոտությունների առաջատարը: Հումանիզմի հիմնահարցի տարբեր տեսանկյունների վերաբերյալ նրա մի քանի տասնյակ հոդվածներն ու զեկուցումները տպագրվել են ինչպես Հայաստանի հեղինակավոր գիտական պարբերականներում, այնպես էլ Ռուսաստանի (Սանկտ Պետերբուրգ և այլ քաղաքներ), Ավստրիայի (Վիեննա) և Գերմանիայի (Մյունխեն) մի շարք պարբերականներում ու միջազգային գիտաժողովների նյութերի ժողովածուներում:

Գ.Ասատրյանը մենագրությունների հեղինակ է: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչության կողմից 2014 թվականին լույս ընծայված նրա «Հումանիզմը նոր հազարամյակի հիմնախնդիրների համատեքստում» ստվարածավալ ու հիմնարար աշխատությունը արծարծվող հարցերի արդիականությամբ, մասշտաբայնությամբ ու վերլուծությունների խորությամբ աննախադեպ լինելով հայ իրականության մեջ, կարևոր ներդրում է արդի հումանիզմի ամբողջական հետազոտության ասպարեզում, ուշագրավ ու արժեքավոր ուսումնասիրություն՝ միջազգային չափանիշներով:

Կյանքի վերջին օրերին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրենի խորհրդական Գ.Ասատրյանն աշխատում էր «Հեգելը արվեստի մասին» մենագրության վրա, ինչպես նաև Միջազգային փիլիսոփայական հանդեսի (International Journal of Philosophy) խմբագրի խնդրանքով առաջիկա համարում հրատարակության պատրաստում «Մարդկային կապիտալը հումանիստական աշխարհընկալման համատեքստում» վերնագրով հոդվածը:

1970 թվականից սկսած՝ ղեկավար աշխատանքին զուգընթաց, Գ.Ասատրյանը զբաղվել է գիտամանկավարժական գործունեությամբ` տարիներ շարունակ դասախոսական աշխատանք կատարելով հանրապետության բուհերում, ինչպես նաև «Գիտելիք» ընկերության համակարգում:

Հետխորհրդային շրջանում Գ.Ասատրյանն աշխատել է ոչ պետական կազմակերպություններում, վարել Հայաստանի շախմատի ֆեդերացիայի առաջին փոխպրեզիդենտի և գործադիր տնօրենի պաշտոնները:

Վերջին շուրջ 25 տարիներին Գ.Ասատրյանն աշխատել է Հայաստանի Հանրապետության ոչ պետական բարձրագույն մասնագիտական կրթության համակարգում և անմնացորդ նվիրվել բարձրագույն կրթության կազմակերպմանը, գիտամանկավարժական գործունեությանը, աճող սերնդի կրթությանն ու դաստիարակությանը:

1996 թվականից նա աշխատել է Հայկական բաց համալսարանում` սկզբում  որպես մենեջմենթի ֆակուլտետի դեկան, ապա՝ պրոռեկտոր, առաջին պրոռեկտոր՝ միաժամանակ որպես փիլիսոփայության ամբիոնի վարիչ և դասախոս:

2001 թվականին Գ.Ասատրյանը տեղափոխվել է Երևանի Հյուսիսային համալսարան, որտեղ աշխատել է որպես պրոռեկտոր, ապա՝ համալսարանի նորաստեղծ գիտական հետազոտությունների, նորարարական ծրագրերի և հետբուհական մասնագիտական կրթության կենտրոնի ղեկավար:

Հյուսիսային համալսարանում աշխատելու տարիներին Գ.Ասատրյանն իրեն դրսևորել է որպես բուհական գործի հմուտ կազմակերպիչ, խորագիտակ հետազոտող ու բարձրակարգ դասախոս:

Համալսարանում  վարչական-կազմակերպական ախատանքին զուգընթաց նա զբաղվել է ակտիվ դասախոսական աշխատանքով: Նա «Փիլիսոփայություն» է դասավանդել համալսարանի բակալավրիատում, «Տնտեսագիտության փիլիսոփայական պրոբլեմները», «Եվրոպական փիլիսոփայության պատմություն»՝ մագիստրատուրայում, «Գիտության փիլիսոփայություն և մեթոդաբանություն»՝ համալսարանի հետբուհական մասնագիտական կրթության համակարգում:        

Գ.Ասատրյանն իր մասնագիտությանը խորապես տիրապետող հմուտ դասախոս էր, ում դասախոսություններն աչքի էին ընկնում մատուցվող նյութի խորությամբ ու մատչելիությամբ, հարցադրումների թարմությամբ, հստակությամբ ու կոնկրետությամբ, շարադրանքի պարզությամբ ու փաստարկվածությամբ, լեզվի մաքրությամբ և լսվում են մեծ հետաքրքրությամբ: Դրանք էապես նպաստում էին ուսանողների մտահորիզոնի ընդլայնմանը, աշխարհայացքային ճիշտ կողմնորոշիչների մշակմանը, նրանց տրամաբանական, վերլուծական ու ստեղծագործական մտածողության զարգացմանը, քաղաքացիական առողջ կենսադիրքորոշման հաստատմանը, հայրենասիրական ու մարդասիրական կերպարի ձևավորմանը:

Տարիներ շարունակ նա բարեխղճորեն ու պատասխանատվության բարձր զգացումով է վերաբերվել «Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամի իր պարտականություւնների կատարմանը:

«Կրթության ոլորտում ներդրած ավանդի համար և համալսարանի հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ» 2006-ին Գ.Ասատրյանը պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության Պատվոգրով:

Օրինակելի աշխատանք համար նա բազմիցս արժանացել է խրախուսանքների, Հյուսիսային համալսարանի հուշամեդալների ու պատվոգրերի: 2012-2013 ուսումնական տարում նրա ղեկավարած Լրագրության և հասարակագիտական առարկաների ամբիոնը ճանաչվել է Հյուսիսային համալսարանի «Լավագույն ամբիոն»: 2014-2015 ուսումնական տարվա արդյունքներով նա հաղթող է  ճանաչվել համալսարանում առաջին անգամ անցկացվող «Լավագույն հետազոտող» մրցանակաբաշխությունում:

Գ.Ասատրյանը Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի Հայոց փիլիսոփայական ակադեմիայի իսկական անդամ է, «Աշխարհի գեներալները հանուն խաղաղության» միջազգային ասոցիացիայի անդամ: Գ.Ասատրյանի ակտիվ ու անբասիր աշխատանքը բարձր է գնահատվել: Նա մի շարք անգամներ ընտրվել է Երևանի քաղաքային խորհրդի, Խորհրդային Հայաստանի 10-րդ և 11-րդ գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ, 1989-1990 թվականներին եղել է Գերագույն խորհրդի մանդատային հանձնաժողովի նախագահը:

Նա բազմիցս ընտրվել է Հայաստանի կոմկուսի Երևանի քաղաքային կոմիտեի անդամ, Կենտկոմի անդամության թեկնածու, Կենտկոմի անդամ: 1989-1990 թվականներին եղել է Հայաստանի կոմկուսի Կենտկոմի բյուրոյի անդամ: 1990-ին որպես դելեգատ մասնակցել է Խորհրդային Միության կոմկուսի 28-րդ համագումարին, ընտրվել համագումարի ղեկավար մարմինների կազմում:

Նրա ծառայությունները նշվել են բազմաթիվ պետական պարգևներով. նա պարգևատրվել է «Պատվո նշան» երկու շքանշաններով (1976, 1981), Խորհրդային Միության, Ռուսաստանի Դաշնության և Աֆղանստանի Դեմոկրատական Հանրապետության մի շարք մեդալներով, Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահության պատվոգրերով, կառավարական այլ պարգևներով: Նա պարգևատրվել է Խորհրդային Միության «Գիտելիք» ընկերության բարձրագույն պարգևով՝ ակադեմիկոս Ս.Ի.Վավիլովի անվան ոսկե մեդալով:

2015 թվականի մայիսին, ֆաշիզմի դեմ խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի հոբելյանի կապակցությամբ նա Ռուսաստանի Դաշնության կոմկուսի Կենտկոմի նախագահ, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի պատգամավոր Գ.Ա.Զյուգանովի կողմից պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության կոմկուսի Կենտկոմի «Մեծ հաղթանակի 70 տարին» հուշամեդալով:                              

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի 2015թ. սեպտեմբերի 16-ի հրամանագրով՝ Գ.Ասատրյանը Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, երկարամյա պետական-հասարակական գործունեության համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, իսկ նույն թվականի հոկտեմբերի 11-ին «Էրեբունի-Երևանի» 2797-րդ տարեդարձի և ծննդյան 80-ամյակի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ արժանացել Երևանի քաղաքապետի Ոսկե մեդալին:

Իր հայրենանվեր աշխատանքով ու ազգանպաստ գործերով Գ.Ասատրյանը մեծ ներդրում ունեցավ ժամանակակից Հայաստանի պատմության մեջ: Նա ոչ միայն մի ամբողջ դարաշրջանի լավագույն ավանդույթների կրողն էր, հանրագիտարանային գիտելիքների տեր մտավորական, այլև ապագայի մարդ ու գիտնական, քանի որ փիլիսոփայական իմաստնությամբ միշտ առաջ էր նայում՝ երբեք չբավարարվելով ձեռք բերածով...

Մեծ հումանիստի ու գիտնականի, պետական ազնիվ ու հայրենասեր գործչի, տաղանդավոր կազմակերպչի և պայծառ մարդու հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում:

Իսկ եթե, իրոք, կա տրանսցենդենտալ աշխարհ, ապա մեր թանկագին գործընկերոջ ու սքանչելի մարդու՝ Գրիգոր Ասատրյանի իսկական տեղը այդ երանելի աշխարհի արդարների շարքում է, ուստի թող օրհնությունը նրա արդար հիշատակից անբաժան լինի:

 

Վերջին
հրապարակումներ
Վերջին
նախագծեր
Copyright © 2017-2024 humanist.am