Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Նախագահություն Կապ մեզ հետ
«Մարդը բոլոր իրերի չափանիշն է»
Պրոտագորաս Աբդերացի
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտ

Երևանի հյուսիսային համալսարան

Փիլիսոփայության միջազգային ակադեմիա

Տիգրան Չուխաճյան հիմնադրամ1

Նորություններ / Պահոց
22.07.2020
ԳՈՒՅԺ. 2020թ. հուլիսի 21-ին, կյանքի 83-րդ տարում, հանկարծամահ եղավ Հումանիզմի պրոբլեմների ակադեմիայի հիմնադիր անդամ Ջուլետա Հայկի Ճշմարիտյանը: Ջ.Ճշմարիտյանի հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 22-ին ժամը 18.00-20.00-ին Երևանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում: Վերջին հրաժեշտը՝ հուլիսի 23-ին ժամը 12.00-13.00-ին Երևանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում:

Հումանիզմի պրոբլեմների ակադեմիան, ֆիզիկական ու կոլոիդային քիմիայի, հատկապես պոլիմերների քիմիայի հայկական գիտական դպրոցը և քիմիական հանրությունը ծանր ու անդառնալի կորուստ կրեցին:

2020թ. հուլիսի 21-ին, կյանքի 83-րդ տարում, հանկարծամահ եղավ Հումանիզմի պրոբլեմների ակադեմիայի հիմնադիր անդամ, նախկինում՝ Երևանի պետական համալսարանի ֆիզիկական և կոլոիդային քիմիայի ամբիոնի վաստակաշատ դասախոս, քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ Ջուլետա Հայկի Ճշմարիտյանը, ում ամբողջ գիտակցական կյանքը կապված է եղել Երևանի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետի և համալսարանի ֆիզիկական քիմիայի պրոբլեմային լաբորատորիայի հետ:

Ջ.Ճշմարիտյանը ծնվել է 1937թ. նոյեմբերի 20-ին, Հայկական ՍՍՀ Ստեփանավանի շրջանի Գյառգյառ գյուղում, Ստեփանավանի շրջանային «Սոցիալիստական անասնապահություն» (հետագայում՝ «Փարոս») թերթի խմբագիր, 1941-ին Հայրենական մեծ պատերազմում զոհված Հայկ Սեդրակի Ճշմարիտյանի և Գյառգյառի դպրոցի ուսուցչուհի Լուսիկ Արտուշի Դեմիրխանյանի ընտանիքում:

20200722.jpg



 

1954թ. արծաթե մեդալով ավարտելով Ստեփանավանի N 1 միջնակարգ դպրոցը, Ջ.Ճշմարիտյանն ընդունվել է Երևանի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետը, որը գերազանցությամբ ավարտել է 1959-ին, ստացել քիմիկոսի որակավորում և աշխատանքի նշանակվել նույն ֆակուլտետում՝ իր ողջ գիտամանկավարժական բեղուն գործունեությունն իրականացնելով Մայր բուհում:

Սկզբնական շրջանում Ջ.Ճշմարիտյանն աշխատել է ԵՊՀ ֆիզիկական քիմիայի նորաստեղծ պրոբլեմային լաբորատորիայում, նախ՝ որպես լաբորանտ (1959-1960), ապա՝ ավագ լաբորանտ (1960-1961), ինժեներ (1961-1962), իսկ այնուհետև՝ մրցույթով ընտրված կրտսեր գիտաշխատող (1962-1970):

1970-1984թթ. Ջ.Ճշմարիտյանը եղել է ԵՊՀ քիմիական ֆակուլտետի ֆիզիկական և կոլոիդային քիմիայի ամբիոնի ասիստենտ, իսկ 1984-2010թթ.՝ նույն ամբիոնի դոցենտ: Մասնագիտական խոր ու լայն գիտելիքների և հարուստ մանկավարժական փորձի շնորհիվ նա հմտորեն դասավանդել է մի շարք կարևոր առարկաներ: Նրա վարած մասնագիտական դասընթացներից լայն ճանաչման են արժանացել հատկապես «Ֆիզիկական քիմիայի» ընդհանուր կուրսն ու «Բիոքիմիական ռեակցիաների կինետիկան» մասնագիտական կուրսը:

Երևանի պետական համալսարանում շուրջ կես դար Ջ.Ճշմարիտյանը, մանկավարժական գործունեությանը զուգահեռ՝ անմնացորդ նվիրումով ծառայեց հայրենական քիմիական գիտությանը: Նրա գիտական հետաքրքրությունների կիզակետում է եղել կենսահամատեղելի ջրալուծ բարձրամոլեկուլային պոլիակրիլամիդի սինթեզի և ջրալուծ ու յուղալուծ վիտամիններ պարունակող պոլիակրիլամիդային թաղանթների հետազոտությունը:

1979թ. Ջ.Ճշմարիտյանը պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Կալիում պերսուլֆատ – պղինձ և արծաթ ամինաացետատները որպես ազատ ռադիկալների աղբյուրներ» թեմայով և ստացել քիմիական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1984 թվականին ԽՍՀՄ ԲՈՀ կողմից նրան շնորհվել է դոցենտի գիտամանկավարժական կոչում:

Նշանակալի է Ջ.Ճշմարիտյանի վաստակը հատկապես պոլիմերների նոր տեսակների ստեղծան ու պրակտիկ լայն կիրառման ասպարեզում: Իր գիտական վաստակով նա արժանի տեղ է նվաճել Հայաստանում պոլիմերների քիմիայի դպրոցի ստեղծման ու զարգացման երախտավորների շարքում: Նրա հետազոտական աշխատանքի արդյունքները տպագրվել են ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի մի շարք գիտական պարբերականներում ու ժողովածուներում և արժանացել են մասնագիտական հանրության ճանաչմանը:

Կրթության ու գիտության երախտավորի, հայրենասեր քաղաքացու,  կենսախինդ ու հմայիչ, բարի ու ազնիվ մարդու` Ջուլետա Ճշմարիտյանի լուսավոր կերպարն ընդմիշտ կմնա նրա գործընկերների, ուսանողների ու նրան ճանաչողների սրտերում:

 

Ջ.Ճշմարիտյանի հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 22-ին ժամը 18-00-20.00-ին Երևանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում: Վերջին հրաժեշտը՝ հուլիսի 23-ին ժամը 12.00-13.00-ին Երևանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում:

Վերջին
հրապարակումներ
Վերջին
նախագծեր
Copyright © 2017-2024 humanist.am