|
«Հումանիզմի պրոբլեմների ակադեմիա» հասարակական կազմակերպությունը, որպես գիտական շահերի ընդհանրության հիմքի վրա համախմբված գիտնականների կամավոր միություն, ստեղծվել և գրանցվել է ՀՀ արդարադատության նախարարության կոլեգիայի 1997-ի օգոստոսի 1-ի N 29/4-2 որոշմամբ, այնուհետև` ՀՀ արդարադատության նախարարի 2001-ի հունվարի 12-ի N 85 հրամանով:
Ակադեմիան հիմնադրվել է Հայաստանի «Գիտելիք» ընկերության վարչության նախկին նախագահ, «Գիտելիք» միջազգային ասոցիացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի փիլիսոփայական ընկերության նախագահ, Հայկական բաց համալսարանի ռեկտոր, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լորիս Քալաշյանի և կուսակցական-պետական գործիչ, Հայաստանի կոմկուսի Երևանի քաղաքային կոմիտեի նախկին առաջին քարտուղար, Աֆղանստանի ժողովրդադեմոկրատական կուսակցության Կենտկոմում (ք. Քաբուլ) Խորհրդային Միության կոմկուսի Կենտկոմի խորհրդական Գրիգոր Ասատրյանի նախաձեռնությամբ ու ջանքերով:
Ստեղծման օրվանից մինչև իր մահը (2000թ. նոյեմբերի 13) Ակադեմիան ղեկավարել է Լորիս Քալաշյանը, այնուհետև` մինչև 2002թ. մայիս ամիսը կազմակերպությունը ղեկավարել են համանախագահներ Գրիգոր Ասատրյանը և փիլիսոփայական գիտությունների դոկտոր, Հայկական բաց համալսարանի նախկին ռեկտոր Արմեն Քալաշյանը:
2002 թ. մայիսից մինչ օրս Ակադեմիայի նախագահն է փիլիսոփայական գիտությունների դոկտոր Գրիգոր Եգորի Ասատրյանը:
* * *
Ակադեմիան հասարակական հիմունքներով գործող գիտահետազոտական հաստատություն է, որն իր շարքերում միավորում է հասարակագետ գիտնականների, գիտության մյուս բնագավառների, մշակույթի ասպարեզի ներկայացուցիչների, ինչպես նաև պետական ու հասարակական-քաղաքական գործիչների, ովքեր աչքի են ընկնում համամարդկային արժեքներին ու հումանիստական իդեալներին իրենց նվիրվածությամբ և ներքոհիշյալ խնդիրների լուծման մեջ ավանդ ներդնելու պատրաստակամությամբ`
- պատմական նոր իրողությունների հաշվառմամբ հումանիզմի ժամանակակից կոնցեպցիայի մշակումը` ուղղված ժողովուրդների հոգևոր վերածննդի ապահովմանը, հասարակական հարաբերությունների, ինչպես նաև երկրների ու ժողովուրդների փոխհարաբերությունների ներդաշնակեցմանը, համամարդկային արժեքների ու հումանիստական իդեալների շուրջ նրանց համախմբմանը.
- հումանիզմի տեսության արդի առավել հրատապ պրոբլեմների հետագա մշակումը, հումանիզմի էության` որպես քաղաքակրթական պրոցեսի գլխավոր բովանդակության, պատմականորեն կոնկրետ դարաշրջանի առաջադիմականության և սոցիալական հասունության ճշգրիտ չափանիշի բացահայտումը.
- մարդու պրոբլեմի հրատապ ասպեկտների, անհատի իրավունքների և ազատությունների իրական ապահովման` որպես ժամանակակից հասարակության մարդկայնության աստիճանը բնորոշող հիմնարար սկզբունքի հետազոտումը, այդ հարցերի վերաբերյալ գործնական երաշխավորությունների մշակումը.
- սոցիալական արդարության և հումանիզմի սկզբունքների կենսագործման ուղիների ու միջոցների ուսումնասիրումը, դրանց իրականացման, հասարակական հարաբերությունների մարդկայնացման, իրական հումանիզմի հաստատման ուղղությամբ երաշխավորությունների մշակումը.
- հումանիզմի և սոցիալիզմի միջև դիալեկտիկական կապի, սոցիալիզմի՝ որպես հումանիստական սկզբունքների ու իդեալների իրականացման հուսալի միջոցի էության բացահայտումը,
- արդիականության գլոբալ պրոբլեմների, նոր հազարամյակի մարտահրավերների և սպառնալիքների չեզոքացման ու կանխման, անհանդուրժողականության, ծայրահեղականության և միջազգային ահաբեկչության հաղթահարման ուղիների ուսումնասիրությունն ու գործնական երաշխավորությունների մշակումը.
- մշակույթների և քաղաքակրթությունների միջև համագործակցության խորացման, արդիականության արմատական հարցերի շուրջ նրանց երկխոսության ակտիվացման, ժողովուրդների քաղաքական, տնտեսական և հոգևոր մերձեցման, ընդհանուր նպատակների, համամարդկային արժեքների ու իդեալների շուրջ նրանց համախմբման բացառիկ կարևորության և հրատապության համակողմանի հիմնավորումը.
- հայ ժողովրդի ստեղծարար ներուժի բացահայտման, նրա հոգևոր կատարելագործման ուղիների որոնումը, պատմական նոր պայմաններում Հայաստանի քաղաքական ու սոցիալ-տնտեսական զարգացման, հայ ժողովրդի հոգևոր կատարելագործման, նրա մտավոր ու ստեղծագործական ներուժի բացահայտման կոնցեպցիայի մշակումը, ազգերի միջազգային համագործակցության մեջ հայ ժողովրդի ակտիվ դերի, համաշխարհային քաղաքակրթության մեջ նրա նշանակալի ավանդի ապահովման հարցերի գիտական ուսումնասիրությունը.
- համամարդկային և համազգային հիմնարար արժեքների ու իդեալների շուրջ հայ ժողովրդի տարբեր հատվածների համախմբման ու միաբանման, Հայաստանի Հանրապետության, Արցախի ու Սփյուռքի միջև բազմակողմանի համագործակցության ընդլայնման ու խորացման, հայ ժողովրդի պատմության ներկա բեկումնային փուլում նրա առջև ծառացած կենսականորեն կարևոր խնդիրների լուծման համար համայն հայության ջանքերի միավորման հետ կապված հարցերի ուսումնասիրությունը, դրանց իրականացման արդյունավետ ուղիների մշակումը.
- էթնիկական և կրոնական հակամարտությունների ու բախումների էության ու առանձնահատկությունների բացահայտումը, դրանց արդարացի լուծման, արդի միջազգային հարաբերությունների հիմնարար սկզբունքների` պետությունների սահմանների անխախտելիության և ազգերի ինքնորոշման, իրենց ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու նրանց անխախտ իրավունքի ներդաշնակ զուգակցման ուղիների որոնումը.
- ցեղասպանության` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործության մերկացումը, Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը համաշխարհային հանրության և առաջին հերթին` ժամանակակից Թուրքիայի կառավարող շրջանների կողմից, հայ ժողովրդի, ցեղասպանության ենթարկված մյուս ժողովուրդների ոտնահարված իրավունքների պաշտպանությունը, պատմական արդարության վերականգնումը և այդ հիմքի վրա երկրների ու ժողովուրդների, այդ թվում հարևան ազգերի միջև փոխըմբռնման ու համագործակցության հարաբերությունների հաստատումը:
* * *
Ակադեմիայի կանոնադրությանը և «Հումանիզմի պրոբլեմների ակադեմիայի իսկական անդամների ու թղթակից անդամների ընտրությունների կանոնակարգին» համապատասխան` կատարվում է Ակադեմիայի կազմի համալրումը իսկական անդամներով, թղթակից անդամներով, պատվավոր ու արտասահմանյան անդամներով:
Ակադեմիայի կազմում կան նաև կոլեկտիվ անդամներ:
Ակադեմիան ընտրում է պատվավոր նախագահ:
Ակադեմիան ունի իր խորհրդանիշը, նշանաբանը, կարգախոսը և հիմնը:
Ակադեմիայի խորհրդանիշը, որն արտապատկերված է նաև կազմակերպության կլոր կնիքի վրա, հավերժության նշանն է, որն արտացոլում է հումանիզմի գաղափարների անանց արժեքը, դրանց մշտնջենականությունը:
Ակադեմիայի նշանաբանը «Համայն մարդկությունը մի ընտանիք է» խորապես հումանիստական թեզն է, կարգախոսը՝ «Հումանիզմը կփրկի աշխարհը» լավատեսությամբ ներթափանցված կոչը:
* * *
Մեր օրերում երկրների ու ժողովուրդների, ամբողջությամբ վերցրած համաշխարհային հանրության առջև ամբողջ սրությամբ ծառացած են արդիականության գլոբալ պրոբլեմները, նոր հազարամյակի մարտահրավերներն ու սպառնալիքները:
Ակադեմիան իր հումանիստական հայեցակարգում ելնում է այն բանից, որ պատմական յուրաքանչյուր դարաշրջանում մարդկային հասարակությունը հայտնվում է իրեն սպառնացող այնպիսի վտանգների դեմ հանդիման, որոնք նա անպայման պետք է չեզոքացնի՝ ապահովելու համար քաղաքակրթության հետագա առաջընթացը: Յուրահատուկ օրինաչափություն դարձած այս միտումն առանձնահատուկ սրությամբ է դրսևորվում հատկապես համաշխարհային պատմության ներկա փուլում, որն առանձնանում է մեր օրերում մարդկությանը նետված մարտահրավերների աննախադեպ մասշտաբներով ու վտանգավորությամբ: Սպառնալի չափեր են ընդունում հատկապես հումանիզմի այնպիսի հակոտնյաներ, ինչպիսիք են միջուկային տեխնոլոգիաների տարածումն ու տիեզերքի ռազմականացումը, զինված հակամարտությունների ծավալումը, բնապահպանական կոլիզիաները, գիտատեխնիկական առաջադիմության բացասական հետևանքների խորացումը, բնական պաշարների աստիճանական սպառումը, մեր մոլորակի կենսաբանական պաշարների նվազումը, ազգաբնակչության արագ ու չվերահսկվող աճը, կենսամիջոցների թերարտադրությունը, առանձին երկրների ու տարածաշրջանների հետամնացությունն ու աղքատությունը, անգրագիտության բարձր մակարդակը և մի շարք այլ բացասական դրսևորումներ, որոնք շարունակում են մնալ մեր օրերի ուղեկիցը: Արդի հասարակությունում, մտածող բանականության սկզբունքներին և պատմական զարգացման տրամաբանությանը հակառակ, առկա են քաղաքական ու ռազմական բախումներ, բռնության զանազան ձևեր, սոցիալ-տնտեսական սուր հակասություններ, ազգային (էթնիկական) և կրոնական (կոնֆեսիոնալ) անհանդուրժողականություն և այլ նախապաշարմունքներ:
Հիշյալ համատեքստում Ակադեմիային խորապես մտահոգում են առանձնապես արդիականության գլոբալ պրոբլեմները, նոր հազարամյակի մարտահրավերներն ու սպառնալիքները և հատկապես հումանիզմի այնպիսի մի հակոտնյա, ինչպիսին միջազգային ահաբեկչությունն է:
Իր չափերով և վտանգավորության աստիճանով ահաբեկչությունը վերածվել է անդրազգային պրոբլեմի, բոլոր ժողովուրդների, համայն մարդկության թշնամու, XXI դարի չարիքի: Այդ պատճառով էլ նրա դեմ արդյունավետ պայքարը դառնում է լուրջ փորձություն համաշխարհային հանրության համար և պահանջում է բոլոր երկրների ու ժողովուրդների ջանքերի միավորում, բոլոր առողջ ու կենսունակ ուժերի համախմբում, միասնական հակաահաբեկչական ճակատի ստեղծում:
Հատուկ սրություն ու արդիականություն են ձեռք բերում ցեղասպանության` մարդկության դեմ ուղղված այդ ծանրագույն հանցագործության մերկացման ու դատապարտման, ապագա ցեղասպանությունների կանխարգելման հարցերը:
Դրա հետ մեկտեղ խիստ մտահոգիչ են աշխարհի տարբեր տարածաշրջաններում ժամանակ առ ժամանակ բռնկվող էթնիկական և կրոնական բախումները, որոնք հաճախ վերածվում են տևական պատերազմների` դառնալով հարյուր հազարավոր անմեղ մարդկանց անլուր տառապանքների ու կորստյան պատճառ:
Ուստի և այդ հարցերի կարգավորումը, ներդաշնակ, ազգային թշնամանքից, էթնիկական ու կրոնական հակամարտություններից ազատ աշխարհի ստեղծումը մեր օրերում դառնում են քաղաքակրթության հետագա առաջընթացի, հումանիզմի սկզբունքների մարմնավորման անկապտելի պայման:
Ինչպես մատնանշված, այնպես էլ մյուս համանման վտանգները կրում են համընդգրկող, գլոբալ բնույթ, սպառնում են համայն մարդկությանը, նրա բուն գոյությանը, ուստի և դրանց դեմ պայքարը ձեռք է բերում սուր հրատապություն, դառնում է ընդհանուր խնդիր բոլոր ազգերի ու ժողովուրդների համար, պահանջում ընդհանուր նպատակների շուրջ նրանց համախմբում, համայն մարդկության նյութական ու հոգևոր ներուժի միավորում:
Ակադեմիայի հումանիստական հայեցակարգի անկյունաքարերից մեկը հանդիսանում է բռնության բացառման և հասարակական կյանքից նրա դուրսմղման սկզբունքը, իսկ հումանիստական իդեալի իրականացումը շաղկապվում է ճնշման ու գերիշխանության նկրտումներից հրաժարվելու հետ: Անիմաստ ու անմիտ արգելքներն ու սանկցիաները, բռնությունն ու կոպիտ ուժը չեն կարող հանգեցնել դրական ու խելամիտ արդյունքների: Դրանք տարանջատում ու խորթացնում են մարդկանց ու ազգերին` նրանց դնելով համընդհանուր առճակատման եզրին: Պատերազմներն ու ռազմական գործողությունները չեն կարող և չպետք է դառնան աշխարհում առկա խնդիրների լուծման միջոց, ուստի և դրանք պետք է փոխարինվեն քաղաքական, տնտեսական, դիվանագիտական, հոգևոր և ներգործության այլ միջոցներով, որոնք կծառայեն ոչ թե ժողովուրդների օտարմանը, այլ մերձեցմանը:
Դա նշանակում է, որ մարդկության ապագան պետք է փնտրել ոչ թե պառակտման ու դիմակայման, այլ տարբեր քաղաքակրթությունների ու մշակույթների, կրոնների ու դավանանքների, Արևելքի ու Արևմուտքի երկխոսության, փոխըմբռնման ու համագործակցության ուղիներում: Միայն մարդկանց ու ժողովուրդների միջև համագործակցության հաստատմամբ, բարեկամության ու համերաշխության միասնական ոգով ու համատեղ ջանքերով է հնարավոր դիմագրավել մեր ժամանակների փոթորկալի իրադարձություններին, մարդկությանն սպառնացող մարտահրավերներին, հասնել առկա հիմնախնդիրների լուծմանը, ներկա հազարամյակում քաղաքակրթության աննախընթաց վերելքի ապահովմանը, հակամարտություններից ու բախումներից ազատ, խաղաղ ու ներդաշնակ աշխարհի ստեղծմանը:
Դա թույլ կտար լուծել ոչ միայն մեր օրերում մարդկության առջև ծառացած գլոբալ խնդիրները, այլև միաժամանակ հնարավոր կդարձներ հաջողությամբ կենսագործելու «աշխարհն առանց պատերազմի, առանց էթնիկական ու կրոնական բախումների» մարդասիրական նշանաբանը` նոր հազարամյակը դարձնելով մշակույթների ու քաղաքակրթությունների, Արևելքի ու Արևմուտքի միջև շահագրգիռ երկխոսության ու փոխշահավետ համագործակցության ժամանակաշրջան: Դա մեծապես կնպաստեր տարբեր ժողովուրդների, հատկապես անմիջական հարևանությամբ, պատմական հանգամանքների բերումով կողք կողքի ապրող ազգերի միջև առկա կոնֆլիկտների ու անցյալից եկող թնջուկների ու անհամաձայնությունների փոխզիջումային կարգավորմանը, ազգային էգոիզմի, օտարման, թշնամանքի ու առճակատման աստիճանական հաղթահարմանը, անցյալի իրողությունների ու պատմական արդարության հիմքի վրա փոխշահավետ շփումների ու բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը: Դա կծառայեր նաև տարածաշրջանային բախումների կարգավորմանն ու կանխմանը:
Արդի հումանիզմի չափազանց կարևոր հատկանիշներից մեկն էլ նրա համամարդկային, համամոլորակային ուղղվածությունն է, որի համար բնորոշ է ինչպես հումանիստական աշխարհայացքի հիմնարար սկզբունքների տարածումը համաշխարհային մասշտաբի իրադարձությունների վրա, այնպես էլ այն, որ նա իր մի շարք չափումներում բաց է ամենատարբեր փիլիսոփայական, բարոյագիտական, քաղաքական, բնապահպանական և այլ դոկտրինաների ու ծրագրերի հետ համագործակցության համար: Այս առումով կարևոր նշանակություն է ձեռք բերում գլոբալ էթիկայի նորմերի մշակումը՝ գլոբալ հանրության համար, որը հնարավորություն կընձեռեր նրա յուրաքանչյուր անդամին՝ վեր բարձրանալ առօրյա նեղ ու սահմանափակ անձնական շահերից և առաջին պլան մղել ընդհանուր, համամարդկային շահերը:
Ակադեմիայի հումանիստական պարադիգմայի մյուս կարևոր առանձնահատկությունը տարբեր ազգերի ու ժողովուրդների, մշակույթների ու քաղաքակրթությունների փոխհարաբերությունների նոր ըմբռնումն ու իմաստավորումն է:
Ձգտումը դեպի ազգային ու մշակութային մեկուսացումը, մյուս մշակույթների նկատմամբ նիհիլիստական, ժխտողական վերաբերմունքը և, առավել ևս, անհանդուրժողականությունը հակասում են մեր ժամանակների ոգուն և խանգարում են մշակույթների զարգացմանը: Ոչ մի մշակույթ՝ իր ամբողջ ինքնատիպությամբ ու արժեքավորությամբ հանդերձ՝ ինքնաբավ ու կատարյալ չէ, չի կարող առանձնանալ ու պարփակվել իր կաղապարի մեջ: Նա պետք է դուրս գա իր նեղ սահմաններից, շփվի և համագործակցի մյուս մշակույթների հետ և հենց ակտիվ շփման ու համագործակցության միջոցով դրսևորի իր մեջ թաքնված ստեղծագործական ներուժը:
Այս համատեքստում խիստ կարևոր նշանակություն է ձեռք բերում գլոբալացման և հումանիզմի առնչության իմաստավորման պրոբլեմը:
Արդի գիտատեխնիկական և տեխնոլոգիական առաջընթացն անշեղորեն տանում է դեպի գլոբալ աշխարհի ձևավորում: Գլոբալացումը դարձել է համաշխարհային զարգացման համապարփակ, անխախտելի գործոն, որի հիմքում ընկած է գիտատեխնիկական հեղափոխության նոր՝ տեղեկատվական փուլը: Գիտատեխնիկական հեղափոխությունը, ներթափանցելով տեղեկատվական ոլորտ, անմիջականորեն շոշափում է մարդկային գործունեության բոլոր ձևերի համար խիստ կարևոր այնպիսի պրոցեսներ, ինչպիսիք են համապարփակ մասշտաբով տեղեկատվության ստեղծումը, մշակումը, պահպանումը և փոխանցումը:
Զուտ սոցիալ-քաղաքական տեսանկյունից գլոբալացումը բարդ երևույթ է՝ իրեն հատուկ տարաբնույթ դրսևորումներով: Լինելով հոգևոր-բարոյական իմաստից զուրկ համապարփակ երևույթ՝ այն հաճախ իր ուղին հարթում է որպես կոպիտ, կույր ու անդեմ սոցիալական տարերք, որն անհաղորդ ու անտարբեր է դեպի հումանիզմը, մարդկային կյանքի հոգևոր բաղադրիչը, ոչ միայն դեպի առանձին վերցրած անհատի, այլև ամբողջ ազգերի ու ժողովուրդների ճակատագիրը: Եվ արտակարգ կարևոր է՝ թույլ չտալ, որ գլոբալացումը հանգեցնի սերունդների հոգևոր աղքատացմանը, մշակույթների ու քաղաքակրթությունների յուրահատկությունների համահարթեցմանը, նրանց ունիֆիկացմանը, ազգային (էթնիկական) և կրոնական (կոնֆեսիոնալ) ինքնատիպության ջնջմանը, լեզվական ու մշակութային բազմազանության վերացմանը:
Դրա հետ մեկտեղ՝ Ակադեմիան իր հումանիստական հայեցակարգում ելնում է այն բանից, որ յուրաքանչյուր ազգ, իր ողջ եզակիությամբ, էթնիկական ու մշակութային ինքնատիպությամբ հանդերձ, միաժամանակ պատմական միասնական ամբողջի` համայն մարդկության անբաժանելի մասն է: Այստեղից էլ` Ակադեմիայի ազնիվ և խորապես մարդասիրական նշանաբանը` «Համայն մարդկությունը մի ընտանիք է» և այն հաստատ համոզմունքը, որ յուրաքանչյուր ժողովուրդ պետք է ընթանա ինքնահաստատման, իր պատմական առաքելության իրականացման ուղիով ոչ թե առանձին, մեկուսի, մյուս ժողովուրդներից կտրված, այլ նրանց հետ միասին, համատեղ:
Իսկ նման միավորման համար հիմնարար ու հուսալի կռվան կարող են հանդիսանալ այնպիսի վեհ ու համամարդկային գաղափարներ, ինչպիսիք հումանիզմի ու մարդասիրության գաղափարներն են: Այդ պատճառով էլ Ակադեմիան իր գործունեությունը կառուցում է այն հաստատ համոզմունքով, որ նոր հազարամյակը պետք է դառնա ամենից առաջ հումանիզմի և մարդկայնության սկզբունքների մարմնավորման, մարդկանց և ազգերի` ազատ ու երջանիկ կյանքով ապրելու իրավունքի իրական ապահովման դարաշրջան, որ հումանիզմը կոչված է փրկելու աշխարհը:
Դրանով է պայմանավորված և այն իրողությունը, որ մեր օրերում անշեղորեն աճում է համընդհանուր հետաքրքրությունը հումանիզմի ու մարդասիրության հարցերի, արդիականության գլոբալ պրոբլեմների նկատմամբ, որոնք ավելի ու ավելի են մղվում առաջին պլան, հայտնվում պետությունների ու միջազգային կազմակերպությունների, համաշխարհային հանրության սևեռուն ուշադրության կենտրոնում:
Հումանիզմի հարցերը, նոր հազարամյակի հիմնախնդիրներն ուրույն արտացոլում են գտել, մասնավորապես, «ՄԱԿ-ի Հազարամյակի հռչակագրում» :
Խոր մարդասիրությամբ ու մարդկության ապագայի նկատմամբ հոգածությամբ ներթափանցված այդ հիմնարար փաստաթղթում արտահայտված է պետությունների կամքն ու վճռականությունը` լուծելու արդի աշխարհում մարդկության առջև ծառացած գլոբալ խնդիրները, մարդկանց ազատելու «ծայրահեղ աղքատության խղճուկ ու անմարդկային պայմաններից, որոնց դատապարտված է ներկայումս ավելի քան մեկ միլիարդ մարդ», «…իրական դարձնելու զարգացման իրավունքը բոլորի համար և կարիքից ազատելու համայն մարդկությունը», «…ստեղծել զարգացման և աղքատության վերացման նպաստավոր միջավայր` թե՛ գլոբալ և թե՛ ազգային մակարդակներով»[1]:
Հիշյալ համատեքստում հատկապես արժեքավոր ու հուսադրող են նախկին Խորհրդային Միության մի շարք երկրների, առանձնապես Ռուսաստանի Դաշնության հետևողական և եռանդուն ջանքերը՝ ուղղված Եվրասիական տարածաշրջանում ինտեգրացման պրոցեսների ակտիվացմանը, նշանակալի ու հեռանկարային ծրագրերի շուրջ ինչպես այդ տարածաշրջանի, այնպես էլ մի շարք այլ երկրների ու ժողովուրդների համախմբմանը:
* * *
Այն հիմնարար ու անանց արժեքների, վեհ ու կենարար գաղափարների շարքում, որոնց շուրջ կարող է համախմբվել մարդկությունը, իրենց նշանակալիությամբ ու համախմբող ներուժով բացառիկ տեղ են գրավում հումանիզմի գաղափարները, որոնք ներթափանցված են խոր լավատեսությամբ և կենսահաստատ մեծ ուժով, առավել համահունչ են քաղաքակրթության զարգացման արդի փուլի կենսական պահանջմունքներին, մեր դարաշրջանի ոգուն:
Այստեղից էլ՝ այդ գաղափարների արտակարգ կարևորությունն ու հրատապությունը մեր օրերում:
Հումանիզմի գաղափարներն ընդունակ են հուսալի կամուրջ դառնալու սոցիալական, մշակութային, էթնիկական և կրոնակոնֆեսիոնալ տարանջատված ուժերի միջև, դրանով իսկ արժանի ավանդ ներդնելու տարբեր երկրների համագործակցության ու ժողովուրդների բարօրության գործում:
Միայն հումանիզմի կենսահաստատ գաղափարներով, փոխըմբռնման ու համերաշխության ոգով համակված տարբեր քաղաքակրթությունների ու մշակույթների, արդի հասարակության բոլոր առողջ ու կենսունակ ուժերի համատեղ ջանքերով է հնարավոր կանխել գլոբալացման բացասական հետևանքները, նրա «կողմնակի էֆեկտները», գլոբալացման կույր ու տարերային պրոցեսները մղել ռացիոնալ ու արգասավոր հուն:
Ակադեմիայում, անշուշտ, գիտակցում են, որ աշխարհը կազմված է ավելի կարծր ու կոպիտ նյութից, քան գաղափարներն են: Եվ այնուամենայնիվ՝ մենք համոզված ենք, որ մարդասիրության ու հումանիզմի գաղափարները առանձնահատուկ գաղափարներ են, որոնք օժտված են հզոր ու անսպառ ստեղծարար ուժով: Սակայն մենք միաժամանակ գտնում ենք, որ հումանիզմի գաղափարները` իրենց ամբողջ վեհությամբ ու նշանակալիությամբ հանդերձ, միայն այնժամ կարող են լիակատար դրսևորել իրենց ստեղծարար և միավորիչ ներուժը, երբ ձեռք բերեն համընդհանուր ճանաչում, դառնան միլիոնավոր մարդկանց համոզմունքը, նրանց բարոյական նկարագրի օրգանական մասը, վարքագծի անկապտելի սկզբունքը:
Մեր ժամանակների հրամայականներին, մարդկությանն սպառնացող վտանգներին դեմ հանդիման` անհրաժեշտ է գործի դնել հումանիզմի գաղափարների մոբիլիզացնող ու կոնսոլիդացնող ներուժը, ըստ ամենայնի նպաստել վարքագծի հումանիստական սկզբունքների ու նորմերի ձևավորմանը, մարդկանց ու ժողովուրդների փոխհարաբերություններում դրանց արմատավորմանն այն հաշվով, որ թույլ չտրվի հասարակական հարաբերությունների ապամարդկայնացում, հումանիզմի սկզբունքների ու պահանջների անտեսում:
Ընդ որում համամարդկային արժեքների ու հումանիստական իդեալների հաստատման ուղղությամբ ջանքերը կարող են իրոք հաջող ու արգասավոր լինել միայն այն դեպքում, երբ դրանք գործադրվեն ոչ միայն պետությունների, պաշտոնական կառույցների մակարդակով, այլև ներառեն ժամանակակից հասարակության բոլոր առողջ ու կենսունակ ուժերին, ողջ քաղաքացիական հասարակությանը: Այնժամ հումանիզմի գաղափարները, ձեռք բերելով կենսական միս ու արյուն, կդառնան պատմական զարգացման ներկա փուլում մարդկանց ու ազգերի փոխհարաբերությունների սկզբունքները որոշող և նրանց միավորող մեծ ու ստեղծարար ուժ, հուսալի պատվար` ընդդեմ մարդկության միասնությունը ջլատող գործոնների, նոր ժամանակների սպառնալիքների ու մարտահրավերների, գալիք ժամանակների անակնկալների: Դրանք կծառայեն բանականության ու արդարության սկզբունքների վրա խարսխված և ապագային միտված նոր հասարակության կերտմանը, մարդու գոյության և ստեղծագործության համար այնպիսի պայմանների ստեղծմանը, երբ մարդկային ուժի զարգացումը կդառնա գերիշխող սկզբունք, հասարակական առաջադիմության գերագույն նպատակ:
Այստեղից էլ՝ հումանիզմի հզոր, ստեղծարար ներուժի առավել լիակատար բացահայտման հույժ կարևորությունը, որն ընդունակ լինի իրականացնելու մարդկային կեցության խորագույն գաղտնիքը՝ կյանքի կոչելու համայն մարդկության հոգևոր միավորումը, որի մեջ ձեռք կբերվի և հումանիստական փիլիսոփայության բարձրագույն սինթեզը: Այդ հումանիզմին վիճակված է հաստատել նաև աշխարհի՝ որպես մարդկային քաղաքակրթության ընդհանուր օրրանի մասին անտրոպոցենտրիստական հայացքը, մարդկանց գիտակցության մեջ արմատավորել այն միտքը, որ իրենք՝ ինչպես աշխարհայացքային, էթնիկական, կրոնական, մշակութային, այնպես էլ սոցիալ-պատմական զարգացման այլ գործոններով պայմանավորված տարբերություններով ու առանձնահատկություններով հանդերձ՝ պատկանում են մարդկային միասնական ցեղին, հանդիսանում են համամարդկային միևնույն գաղափարների, արժեքների և իդեալների կրողներ, միմյանց հետ կապված են միասնական նպատակներով, պատմական ընդհանուր ճակատագրով, որ “Gens una sumus” («Մենք ամենքս մի ընտանիք ենք») և որ “Homo homini deus est” («Մարդը մարդու համար աստված է»):
Հենց նման հումանիզմն էլ կոչված է փրկելու աշխարհը:
* * *
Ակադեմիայում սահմանված է «Տարվա հումանիստը» մրցանակ, որի կրողին հանձնվում է «Դափնեկրի մեդալ» և համապատասխան դիպլոմ: Այդ բարձր կոչումը շնորհվում է նշանավոր պետական, հասարակական-քաղաքական և կրոնական գործիչներին, դիվանագետներին, միջազգային, տարածաշրջանային և այլ կազմակերպությունների ղեկավարներին` հումանիստական արժեքների ու իդեալների պաշտպանության, մարդասիրության և հումանիզմի սկզբունքների հաստատման, երկրների ու ժողովուրդների միջև հարաբերությունների ներդաշնակեցման, էթնիկական ու կրոնական հակամարտությունների լուծման, հասարակական կյանքից բռնության ու ահաբեկչության վերացման ուղղությամբ գործադրած արգասաբեր ջանքերի համար: Հատուկ ուշադրության կարժանանա նրանց գործունեությունը` ուղղված մշակույթների ու քաղաքակրթությունների միջև խելամիտ և օգտակար երկխոսության իրականացմանը, երկրների ու ժողովուրդների քաղաքական, տնտեսական և հոգևոր մերձեցմանը, արդիականության գլոբալ պրոբլեմների լուծման գործում նրանց սերտ համագործակցությանը, ընդհանուր նպատակների, համամարդկային արժեքների ու իդեալների շուրջ միջազգային հանրության համախմբմանը:
Ակադեմիայում հիմնվել են նաև «Հումանիստական արժեքների պաշտպանության համար» և «Հանուն հումանիստական իդեալների հաղթանակի» մեդալներ, որոնցով պարգևատրվում են այն գիտնականները, պետական, հասարակական-քաղաքական և կրոնական գործիչները, դիվանագետները, գործարար շրջանի ներկայացուցիչները, ովքեր հատուկ նպաստ են բերում մարդասիրության ու հումանիզմի սկզբունքների հաստատմանը, հասարակական հարաբերությունների ներդաշնակեցմանը, նոր հազարամյակի մարտահրավերների և սպառնալիքների չեզոքացմանը, առաջին հերթին՝ անհանդուրժողականության, էքստրեմիզմի և միջազգային ահաբեկչության հաղթահարմանը:
Ակադեմիան պարգևատրում է նաև Հումանիզմի պրոբլեմների ակադեմիայի՝ «Արժեքավոր հումանիստական նախաձեռնության համար» I, II և III աստիճանի դիպլոմներով, որոնց կրողներին հանձնվում է նաև «Հումանիզմի պրոբլեմների ակադեմիայի նախագահության հուշամեդալ»: Այդ պարգևներին կարող են արժանանալ ինչպես ազգային, տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների ղեկավարները, այնպես էլ տարբեր բնագավառների գործիչներ, որոնք հանդես են գալիս հումանիստական վառ ուղղվածությամբ աչքի ընկնող նախաձեռնություններով ու գործերով:
Ակադեմիայում կարող են սահմանվել նաև այլ պարգևներ:
* * *
Բացառիկ դեպքերում Ակադեմիան շնորհում է իր բարձրագույն պարգևը՝ «Մեր ժամանակների հումանիստը», որին արժանացած գործիչը պարգևատրվում է Ակադեմիայի սահմանած «Երևելի հումանիստը» Ոսկե մեդալով և համապատասխան դիպլոմով:
Այդ բարձրագույն պարգևը շնորհվում է համաշխարհային քաղաքական ընտրախավի ամենաարժանավոր ներկայացուցիչներին, պետական և հասարակական-քաղաքական ականավոր գործիչներին՝ համաշխարհային պատմության ներկա բեկումնային ու բախտորոշ փուլում ժողովուրդների ու համայն մարդկության առջև ծառացած բարդագույն խնդիրների լուծման մեջ նրանց հատուկ վաստակի, չարիքի, ահաբեկչության և հումանիզմի մյուս հակոտնյաների դեմ պայքարի, արդարացի, բանական ու հումանիստական աշխարհակարգի հաստատման, համաշխարհային խաղաղության և միջազգային անվտանգության ապահովման, միջազգային կլիմայի առողջացման և երկրների ու ժողովուրդների միջև հարաբերությունների ներդաշնակեցման, արդի քաղաքակրթության հետագա առաջընթացի համար պայմանների ստեղծման գործում նրանց անձնական մեծ ավանդի համար:
* * *
Վերը նշված պարգևատրումների մասին որոշումներն ընդունվում են Ակադեմիայի նախագահությունում՝ հասարակության լայն խավերի կարծիքների հաշվառմամբ, հատուկ այդ նպատակի համար ստեղծված ժյուրիի եզրակացության հիման վրա, որի կազմի մեջ կարող են մտնել հայտնի փիլիսոփաներ, քաղաքագետներ, սոցիոլոգներ, արվեստագետներ, գիտության մյուս բնագավառների ներկայացուցիչներ, միջազգային ու հանրապետական քաղաքական, հասարակական և կրոնական կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Դափնեկիրների որոշման ու նրանց պարգևատրման ամբողջ աշխատանքն իրականացվում է բաց ու հրապարակավ՝ զանգվածային լրատվամիջոցներում դրա լայն լուսաբանմամբ:
Դափնեկիրների պարգևատրումը և սոցիալական արդարության ու հումանիզմի սկզբունքների հաստատման գործում նրանց ավանդի ճանաչումը կոչված են ծառայելու գլխավոր նպատակի իրականացմանը՝ արդի հասարակության բոլոր խավերի շրջանում մարդասիրական աշխարհընկալման ձևավորմանը, մարդկանց, երկրների ու ժողովուրդների փոխհարաբերություններում հումանիզմի սկզբունքների ներդրմանն ու տարածմանը: Դա պետք է ծառայի նաև Ակադեմիայի «Հումանիզմը կփրկի աշխարհը» վսեմ նշանաբանի, ինչպես նաև աշխարհայացքային հիմնարար սկզբունքի՝ աշխարհի, որպես քաղաքակրթության ընդհանուր օրրանի վերաբերյալ անտրոպոցենտրիստական հայացքի հաստատմանը, մարդկային միասնական ընտանիքին պատկանելու՝ յուրաքանչյուր անհատի կայուն համոզմունքի ձևավորմանը: Այն լրացուցիչ լիցքեր կհաղորդի մարդկանց միաբանությանն ու համերաշխությանը, ժամանակակից հասարակության կենսագործունեության բոլոր ոլորտներում մարդասիրության ու հումանիզմի գաղափարների ներթափանցմանը, հումանիզմի՝ որպես բացարձակ արժեքի, նոր հազարամյակի բարձրագույն հասարակական-քաղաքական և հոգևոր-բարոյական իմպերատիվի վերածմանը:
|
|