2020թ. հոկտեմբերի 28-ին Երևանում տեղի ունեցավ «Պատմական հիշողությունը և արդի քաղաքական գործընթացները» թեմայով միջազգային գիտա-գործնական հեռավար կոնֆերանսը: Կոնֆերանսը կազմակերպել էր Գ.Վ.Պլեխանովի անվան ռուսաստանյան տնտեսագիտական համալսարանի Երևանյան մասնաճյուղը: Կոնֆերանիսի համակազմակերպիչներից էր Հումանիզմի պրոբլեմների ակադեմիան:
Կոնֆերանսի աշխատանքներին մասնակցեցին հայտնի գիտնականներ ու երիտասարդ հետազոտողներ ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներից՝ Ռուսաստանի Դաշնությունից, Լեհաստանից, Հունգարիայից, Գերմանիայից, Իսրայելից և ԱՄՆ-ից:
Կոնֆերանսին ընդառաջ ձևավորվել էր կազմկոմիտե, որի կազմում Հայաստանից ընդգրկված երեք գիտնականների թվում էր Հումանիզմի պրոբլեմների ակադեմիայի պրեզիդենտ, Հյուսիսային համալսարանի գիտական հետազոտությունների, նորարարական ծրագրերի և հետբուհական մասնագիտական կրթության կենտրոնի ղեկավար, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Գրիգոր Ասատրյանը:
Բացման խոսքով հանդես եկավ Հումանիզմի պրոբլեմների ակադեմիայի նախագահության անդամ, Գ.Վ.Պլեխանովի անվան ռուսաստանյան տնտեսագիտական համալսարանի Երևանյան մասնաճյուղի ամբիոնի վարիչ, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սահակյանը:
Կոնֆերանսի մասնակիցներին ողջունեց Գ.Վ.Պլեխանովի անվան ռուսաստանյան տնտեսագիտական համալսարանի Երևանյան մասնաճյուղի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Թամարա Վարդանյանը:
Կոնֆերանսի առաջին զեկուցումը Հումանիզմի պրոբլեմների ակադեմիայի պրեզիդենտ Գրիգորի Ասատրյանի «Արդի սոցիալ-քաղաքական պրոցեսների հումանիստական չափումը» բանախոսությունն էր, որը նվիրված էր արդի սոցիալ-քաղաքական գործընթացների՝ մեր դարաշրջանի հրատապ պահանջմունքների, հասարակական առաջընթացի իմմանենտ օրենքների, ժամանակակից հումանիզմի հիմնարար սկզբունքների և հիմնական արժեքների հետ համահնչունության հարցի ուսումնասիրությանը: Բանախոսը քննական վերլուծության ենթարկեց հումանիզմի առավել վտանգավոր հակոտնյաները՝ նոր հազարամյակի մարտահրավերներն ու սպառնալիքները: